Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Շողակաթ Սուրբ Էջմիածնի տոն․ Գոշավանք․ Բագրատ Սրբազանի քարոզը

Ո՞ր արժեքներն են մեզ կապում Աստծո հետ: Ի՞նչն է, որ մեզ իսկապես հավատքի զգացում է տալիս․ մշակո՞ւյթն է, մեր կենցաղավարությո՞ւնն է, մեր սեփական ջանքերով Աստծված փնտրելու հայտնագործությունը կամ հայտնությո՞ւնը, ավանդության միջից եկած զանազան արտահայտությունները կամ ինքնաարտահայտություննե՞րը՝ տարբեր տեսքերով և տարբեր կերպերով, զորօրինակ՝ մոմավառությունը կամ այլ բարեպաշտական սովորություններ, որոնք շատ հաճախ տեղի են ունենում առանց նույնիսկ անդրադառնալու, որ դրանք միջոց և գործիք են Աստծո հետ ինչ-որ ձևով առնչվելու։ Արդյո՞ք այս բոլորի մեջ մենք հռչակում ենք՝ ասելով․ Դո՛ւ ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Այդյո՞ք սա մեզ համար կարևոր հայտարարություն և չափանիշ է։ Արդյո՞ք մենք ուզում ենք, որ այդպես լինի, թե՞ պատկերացնում ենք Աստծուն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Այսօրվա՝ Շողակաթ Սուրբ Էջմիածնի տոնը մեզ հենց այդ բաժանարար գծի մասին է պատմում․ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մասին է պատմում մեզ, ով իր աղոթքի և մեծ ձգտումի մեջ ունեցավ մեծ լույսի տեսիլքը, որով Քրիստոս իջավ Հայաստան աշխարհ, հարվածեց գետնին և ասաց՝ այստեղ Իմ անունով տաճար կկառուցեք։ Եվ այդ լույսը տարածվեց ողջ շրջակայքով, որտեղ այսօր կանգած են Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ եկեղեցիները։ Այդ լույսի, այդ շողի կաթոցն էր, որ հիմքը դրեց ՆՈՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ, նոր մտածումների, նոր ապրումների, նոր զգացումների, նոր հանձնառության, նոր կենցաղավարության և ընդհանրապես՝ նոր կյանքի և նոր սկզբի։

… Այն մտքով, որ Դուք եկել եք այստեղ, անպայման չի նշանակում, որ ճիշտ եք եկել։ Ձեր այստեղ գտնվելը ձեզ օգուտ չէ անպայման, հիշե՛ք սա։ Որովհետև ես չեմ կարծում, որ ամենամաքուր մտքով եք այստեղ գտնվում․․․ ․․․ Ձեզ շատ եմ խնդրում, ժողովուրդ ջան, երբ ուզում եք աղոթքի գնալ, կամ ձեր պատկերացրած աղոթքին եք ուզում գնալ՝ հրաժարվեք ամեն ինչից։

… Ժողովո՛ւրդ ջան, պատասխանատվություն կրեք կյանքում, պատասխանատվություն՝ բոլոր առումներով․ պատասխանատվություն կյանքի նկատմամբ, պատասխանատվություն միմյանց նկատմամբ և պատասխանատվություն Աստծո նկատմամբ՝ Իր ճանապարհից դուրս չգալու նկատմամբ։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »