Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանամերձ Կոթիում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Տեսանյութ:

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը կողմից:

Ինչպես արդեն նշել ենք, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մարզի բոլոր եկեղեցիներում՝ գործող թե խոնարհված, հնչում է եպիսկոպոսական Սուրբ և անմահ պատարագ:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է 2 կմ: Ադրբեջանի հետ Կոթին ունի շուրջ 38կմ պետական սահման: Կոթի գյուղը իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այն կոչվել է Կոթ, Կոթիգեղ, Կոթի: Նախնական հետախուզական պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ «անհիշելի ժամանակները» վերաբերում են մ.թ.ա. XVI-XV դարերին։ 1970թ. գյուղի մի բնակչի այգուց գտնվել է ուրարտական շրջանի մի արձան, որը համարվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Արձանը ներկայումս, որպես պատմական արժեքավոր առարկա պահպանվում է Սարդարապատի ազգագրական թանգարանում: 

1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշավան, տեղացի հեղափոխական Շավարշ Ամիրխանյանի անունով, իսկ 1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը: Գյուղը սահմանամերձ է, ռմբակոծություններից տուժել են ոչ միայն մասնավոր տները, այլև մշակույթի տունն ու կենցաղային այլ օբյեկտներ:

Կոթին այժմ 2795 տարվա պատմություն ունի: Հայ-ադրբեջանական պատերազմի ավարտից 22 տարի անց էլ 2600 բնակիչ ունեցող Կոթիում անընդհատ կրակոցներ են հնչում: 

Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդը եպիսկոպոսական Սուրբ և անմահ պատարագ մատուցեց հերթական գյուղում:

Պատարագին ներկա էին գյուղի ողջ երիտասարդությունը, տեղացի և ժամանած ուխտավորներ, զինծառայության մեկնող նորակոչիկները:

Պատարագի ամբողջ ընթացքին հաղորդակից եղավ նաև գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, ով Կոթիի Սուրբ Աստվածածին եկեղեցու այս Ջրօրհնեքի խաչի խաչքավորն է:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով Մեր առաջնահերթությունը Աստծուն ներկայացնելն է ու նրա միջոցով ապրելու գիտակցության զարգացումը, ինչը մեզ միշտ հաղթանակների կառաջնորդի: Երկրորդը մեր հոգեւոր, մշակութային, ազգային արժանապատվության գիտակցմամբ ինքնաճանաչողությանը հասնելն է:

Բագրատ Սրբազանն իր հայրական սիրով օրհնեց նաև նոր ծառայության մեկնող նորակոչիկներին: Նրանց հանձնեց նվերներ՝ մաղթելով բարիծառայություն և բարի վերադարձ:

 

Translate »