Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշ բերդ

ԱՄՐՈՑ ՏԱՎՈՒՇ /Թովուզ ղալա-10-14-րդ դար /ք. ԲԵՐԴ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Բերդի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ,սակայն Տավուշ ամրոցի մասին բանավոր հիշատակություներ կան սկսած 4-րդ դարից:Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 10 րդ դարի սկզբին ‘ որպես Հայոց թագավոր Աշոտ բ. Երկաթի նստավայր: 10-11 դարերում ամրոցը պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին,իսկ 12-13 -րդ դարերում ‘ Զաքարյաններին:Գրավոր աղբյուրները հաստատում են որ ամրոցը իր զարգացման գագաթնակետին է հասել 9-14 րդ դարերում:Տավուշ ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդերից մեկը/Լոռե բերդի ,Կածարաթի, Աղջկաբերդի/,այս բերդերը այնքան զորեղ տիրակալներ են ունեցել, որ մի քանի անգամ ապստամբել են Բագրատունիների դեմ’ փորձելով պահպանել իրենց ֆեոդալական անկախությունը, սակայն Աշոտ 2-րդը 10-րդ դարում կոտրել է նրանց կենտրոնախույս ձգտումները:Ամրոցում կրթա-մշակութային գործունեություն է ծավալել Հովհաննես վանական վարդապետը: Տավուշ ամրոցը գտնվում է ԲԵՐԴ քաղաքից հարավ արևելյան եզրին,Տավուշ գետի աջ ափին,ամրոցի ստորոտները և կից տարածքները հարուստ հնավայրեր են /դամբարանադաշտեր,քարայրներ,գյուղատեղիներ .գերեզմանոցներ և այլն/:14-րդ դարի վերջերից երբեմնի հզոր ամրոցը մնացել է անտերունչ ու աստիճանաբար ավերվել ու քայքայվել է:Միջնադարյան Հայաստանի այդ հզոր ամրոցից այժմ մնացել է միջնաբերդի և պարսպի մնացորդները:Տավուշ բերդը բաղկացած է եղել Միջնաբերդից ու ստորին բերդից:Միջնաբերդը զբաղեցնում էր բարձրադիր զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի լեզվանման տարածքը:Կիսալուսնաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները / մինչև 12 մ. բարձրությամբ,կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված քարերով/ պահպանվում են արևելյան և հս.աարևելյան մասերում:Մուտքը եղել է հարավային կողմից : Այժմ ամրոցի տարածքում այլ շինություների հետքեր չեն պահպանվել, բացի ստորոտում կառուցված 12-րդ դարի եկեղեցու մնացորդներից:Միջնաբերդը հյուսիսային կողմում դեպի դուրս ելք է ունեցել, գաղտնուղի:Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին,ուր պահպանվել են պարսպի կիկլոպյան շարվածքի մնացորդներ,միանավ դահլիճի տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր:Խմելու ջուրը մինչև ստորին բերդը բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից’ կավե փողրակներով,որոնց մնացորդները պահպանվել են:Բազմաթիվ հեղինակների հավաստմամբ Տավուշ բերդը համարվում է միջնադարյան Հայաստանի ֆեոդալական մանր թագավորությունների հս.արևելքում գտնվող խոշոր կենտրոներից մեկը:Նրա ժամանակակից շատ ամրոցներ /Բջնի,Ամբերդ,Լոռե բերդ/,արդեն պեղվել և ուսումնասիրվել են,մինչդեռ Տավուշ ամրոցը մնում է դեռ չուսումնասիրված, իր մեջ պարունակելով շատ գաղտնիքներ հայտնի նախարարական տների կենցաղի և արհեստների, առևտրի և ամրոցաշինության և այլնի մասին:Անցած դարի 80-ական թվակաների վերջերին ամրոցի տարածքում պեղումների փորձեր կատարեց հնագետ Հայկ Եսայանը,բայց անավարտ թողեց:2014 թ. հոկտեմբերին ամրոցի ստորոտում գտնվող քարայրներում ուսումնասիրություներ է սկսել ՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ:Տավուշ նշանավոր ամրոցը իրեն կից հնավայրերով ընդգրկված է ստեղծվող ”ԲԵՐԴ” պատմա-մշակութային արգելոց թանգարանի տարածքների կազմում և սպասում է իր ուսումնասիրողներին:Տեղեկատվության աղբյուրը’ Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայություն /Ռ.Մուրադյան/;

Translate »