Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ

« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9):

Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝.

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի

Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու և միմյանց մեջ տարածելու բարի լուրը:

Բագրատ Սրբազանի Հարության տոնի քարոզից.

«Քրիստոս հարյավ ի մեռելոց». այս խոսքերը ճանապարհորդել են տարբեր բնակավայրեր, ամեն ժամանակի մեջ 21 դար շարունակ և այսօր հասել են Հայաստան աշխարհ: Աշխարհի բոլոր ծագերը առանց զինվորի, առանց զորքի, առանց կատարելագործված զինատեսակների, այլ մարդկանց սրտերով, մարդկանց հոգիներով, մարդկանց մտքերով և մարդկանց տներով՝ ժամանակներ չճանաչելով ու տարածություններն անտեսելով:

Այսօր Տավուշ աշխարհում Հարության ավետիսը մեծ սիրտ դարձած՝ տրոփելով, բաբախելով, արյան պես հոսում է Դիլիջանից մինչև Նոյեմբերյան, Բերդի ողջ սահմանի երկայնքով մինչև Իջևան՝ ամեն տեղ Քրիստոսի լույսի, հաղթանակի, ճշմարտության ավետիսները պատգամելով:

Այսօրվա պատգամն ամբողջությամբ, ծայրից ծայր հարության, կյանքի խորհրդի մասին է. մահվան վրա հաղթանակ ունենալու մասին: Մահը մեր կյանքից օտար չէ. դա մեր կյանքի մի մասն է կազմում, նույնիսկ՝ հարազատությամբ, և վիճակված է յուրաքանչյուրիս: Բայց մինչև այստեղ հասնելը, մինչև մեր ոտքերը այդ սահմանագիծը հատելը ի՞նչ է մեզ սպասվում և ինչպե՞ս ենք մենք դիմավորելու դա: Ինչպե՞ս է լինելու այդ:
Քրիստոսը այս բանալին տալիս է մեզ. «Եթե Ինձ հավատաք, կունենաք այդ հարությունը»: Շատ պարզ, մեկ խոսքով, առանց մեծ, ճոխ արտահայտությունների՝ «Եթե Ինձ հավատաք, չեք մեռնելու, եթե Ինձ հավատաք՝ մահը ձեզ վրա իշխանություն չի ունենալու, եթե Ինձ հավատաք՝ գերեզմանը ձեզ համար ոչինչ է լինելու»: Սա է ամենապարզ պատգամը:
Մահվան դիմաց մենք ողբերգության մեջ ենք. ի՞նչ է կատարվելու ինձ հետ, ի՞նչ եմ դառնալու ես. գեղեցիկ գերեզմանաքա՞ր, մի հողակու՞յտ, երևի թե մոռացված, փշեր աճող… ինչպիսի՞ն եմ դառնալու ես:
Ահա այս արժանապատվության վերականգնման մասին է Հարության խորհուրդը. մարդու պատվի, հավիտենականության, մարդու Աստվածնմանության՝ Աստծուն վերադարձի: Յուրաքանչյուր ոք Աստվածնմանությունը վերականգնելու, անմահությունը ձեռք բերելու հնարավորություն ունի:

Translate »