Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: (Մատթեոս 16.24)
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել էր հավատի հաստատման ու հույսի ճառագայթներ սփռող ուխտավայր:
Այսօր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց այս համայնքում: Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում Սուրբ Պատարագի խորհրդին մասնակցելու էին հավաքվել Ջուջևանի բնակիչները, ուխտավորներ Իջևանից և Երևանից: Ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը:
Ներկայացնում ենք մի հատված Բագրատ Սրբազանի քարոզից.
«Եթե բարեկարգ լինի մեր ներքին կյանքը, բարեկարգ կլինի նաև մեր արտաքին կյանքը: Հակասություն լինել չի կարող, բացառված է: Արտաքին կյանքի բարեկարգությունը անպայման չի նպաստելու մեր ներքին կյանքի բարեկարգությանը, բայց հակառակը ճիշտ է: Եթե մեր ներսը բարեկարգված եղավ՝ լցված հավատով ու սիրով, մեր դուրսն էլ այդպես կլինի: Ներսում ուրախացող մարդը դրսում չի կարող տխուր լինել, ներսում վերելք ապրող մարդը դրսում չի կարող ստորին աստիճանի վրա գտնվել, ներսում վերանորոգություն ունեցող մարդը չի կարող դրսում քանդել: Ներսում սեր ունեցող մարդը չի կարող դրսում ատելություն ունենալ: Իսկ դրսում ատելություն ունեցողը սեր բացարձակ չունի: Եվ դրա համար է մեր Տերն ասում. ուրացեք այդ ներքին կապանքը, շղթան՝ անձը և հետևեք Ինձ: Ներսում՝ սրտում, հոգու մեջ լուծեք ձեր հարցերը, և դրսում ամեն ինչ կլուծվի:
Ինչպես որ վստահ եմ, որ շուտով արևը կլինի մեր աշխարհի վրա, կտաքացնի, կջերմացնի մեր մարմինները, այնպես էլ՝ որ մեր հոգու արևը կբացվի և կջերմացնի մեր սրտերն ու հոգիները: Եվ մենք խաչը շալակած լինելուց չենք փախչի, այլ այդ խաչը շալակած լինելուց հպարտություն և ուրախություն կզգանք, որովհետև կգիտակցենք, որ խաչ ենք կրում, այլ ոչ թե խաչը կլինի մեր ուսերին, իսկ մենք չենք իմանա, թե այդ ինչ ծանրություն է…»: